Արդեն մի քանի օր է` համացանցը և լրատվամիջոցները անդրադառնում են «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, ռեյտինգային կարգով թիվ 2 երկու ընտրատարածքից ընտրված Արտակ Սարգսյանին առնչվող ձայնագրությանը։ Ամենազավեշտալին այն է, որ ոմանք բավական զարմացել են լսելով այս ձայնագրությունը, ի՞նչ է, մտածում են, որ ամեն անգամ ՀՀԿ-ն բարձր տոկոսներ է ստացել հանրային մեծ վստահությա՞ն պատճառով։ Այս ձայնագրությունում օգտագործվող մեթոդներն այնքան հին են, որքան անկախ Հայաստանի բոլոր ընտրակեղծիքների մեխանիզմները, որոնք օրվա իշխանությունները մշտապես գործի են դրել։ Սա մի սովորական, ավելի ստույգ, «շարքային» ընտրախախտում է, որի հեղինակի բախտը չի բերել ու հրապարակայնացվել է։ Իսկ քանի՜-քանի «սասարտակներ» են այս մեթոդներին դիմում ու առանց պատժի մնում։
Այս ամենում կա նաև երկրորդ զավեշտը. ոմանք պնդում են, թե սա իշխանության «խաղն» է Արտակ Սարգսյանի գլխին, որպեսզի նա մանդատը վայր դնի ու նրա փոխարեն խորհրդարան մտնի Արթուր Գևորգյանը։ Իշխանության «խաղի» առումով ոչինչ չունենք վիճարկելու, ի վերջո, ոչինչ հենց այնպես չի լինում։ Իսկ ինչու, օրինակ, նույն գործի վրա չեն «բռնացրել» Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին։ Կարո՞ղ է նա ու նրա մարդիկ այսպիսի ժողովներ չեն անցկացրել։ Սակայն այստեղ էականը խնդրի երկրորդ հատվածն է, որ նրա փոխարեն հարկավոր է ԱԺ բերել մեկ այլ մարդու։ Այն, որ ՍԱՍ-ի Արտակը Ազգային ժողովի սեփական միկրոֆոնից կես բառ անգամ չի արտաբերել (միայն մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց նրան խոսեցնել, բայց անգամ հաշված բառեր արտասանելու համար նրա միկրոֆոնը, հավանաբար, երբեք գործի չդրվելու պատճառով, չաշխատեց), բոլորին է հայտնի, իսկ լրագրողների համար միշտ «խուլ ու համր» է։ Շատ ավելի լավ կլիներ, որ ձայնագրությունում ժողով վարողն ինքը լիներ, գոնե կիմանայինք նա ընդհանրապես մտքերի ինչպիսի «գոհարներ» ունի։
Սակայն ասածը չի նշանակում, որ եթե այս «հակաօրենսդիր» պատգամավորը իր տեղը զիջի իր պես մեկին՝ Արթուր Գևորգյանին, խորհրդարանն ու հայ ժողովուրդը մեծ օգուտ կունենան։ Այս պատգամավորն էլ երբևէ աչքի չի ընկել օրենսդրական աշխատանքով, չի փայլել հանրային հարցերը բարձրացնելու տեսանկյունից, համարվել է հերթական կոճակ սեղմողներից մեկը։ Հիմա ի՞նչ՝ Արտակին Արթուրով փոխարինելով ինչ են ուզում անել։ Հանրության համար միևնույնն է, թե ով է կոճակ սեղմողը։ Ի վերջո, գումարելիների տեղերը փոխելով` գումարը չի փոխվում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ